Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է: Այդ մասին ապրիլի 7-ին հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը:

«Ես հանդիպել եմ հանրապետության նախագահին` շատ պարզ նպատակով: Եւ իմ ուղերձն էր` քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների մահվան հանգամանքների հետաքննությունը, խոսքի ազատությունն ու արդարադատության իրականացումը, այս համատեքստում նաեւ անազատության մեջ գտնվողների նկատմամբ խոշտանգումների բացառումը: Ե՛վ հանրապետության նախագահի, ե՛ւ նաեւ ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ մեր հանդիպումների նպատակը քաղաքական բանտարկյալների խնդիրն էր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Բելասենը եւ հավելել. «Քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է, ես ինքս եմ նրանց այցելել բանտերում, հանդիպել նրանց ընտանիքներին։ Թե քանիսն են՝ հստակ չեմ կարող ասել, բայց նրանք գոյություն ունեն»:

FIDH-ի նախագահը պարզաբանել է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսի՝ երեկ կայացած հանրահավաքին միանալը եւ ամբիոնից ելույթ ունենալը եւս նույն նպատակն էր հետապնդում. իրենք հանրահավաքին միացել են ոչ թե նրա համար, որ դա ընդդիմության հանրահավաքն էր, այլ որովհետեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հանրահավաքի առանցքային թեման էր։