Պրագայում ապրիլի 8-ին կայանալու է ռազմավարական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման նոր պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Վեստին», փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները կդնեն նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը:

Ռուսաստանի առաջնորդը նախօրեին ժամանել է Չեխիա եւ արդեն բանակցություններ է վարել երկրի նախագահ Վացլավ Կլաուսի հետ: Մոսկվան շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանն աջակցելու համար:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ստորագրվելիք փաստաթուղթը Մոսկվային եւ Վաշինգտոնին կբարձրացնի ապառազմականացման ոլորտում համագործակցության նոր մակարդակի:

Միեւնույն ժամանակ, ինչպես նախօրեին նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Մոսկվան իրեն իրավունք է վերապահել դուրս գալ ՌՀՍ պայմանագրից, եթե ամերիկյան հակահրթիռային պոտենցիալը հասնի սպառնալից մասշտաբների:

Տվյալ դրույթը լրացուցիչ նշվելու է փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանի միակողմանի հայտարարության մեջ:

1991թ.-ին ստորագրված հին պայմանագրի ժամկետը լրացել էր 2009թ. դեկտեմբերի 5-ին: