Վերակազմյալ ՍԴՀԿ-ի համագումարի օրը չի բացառվում, որ կփոխվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ-ի նախկին ատենապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ թեեւ համագումարի օրը նախապես հունվարի 7-ին էր նշանակվել, սակայն շատ հնարավոր է տեղափոխվի հունվարի 25-ին: «Պարզապես տեխնիկապես չենք հասցնում, որ համագումարը տեղի ունենա հունվարի 7-ին: Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա մեզ համար որպես հնչակյաններ, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Մենք շարունակելու ենք մնալ ընդդիմադիր դաշտում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն այն նպատակների, որի շուրջ մենք համախմբվեցինք 2007թ-ի 18 կուսակցություններով»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ 5 մարզերի իրենց կառույցները արդեն հստակ որոշել են, որ մտնելու են նոր կուսակցության մեջ: «Այսինքն` մեր ամբողջական կազմը մեզ հետ է, իսկ նորերը չունեն մարզային կառույցներ, քանի որ այդ ամբողջը մեզ հետ է: Ինչ կապված է ֆինանսավորմանը, ապա, փառք Աստծո, մենք բավականին անդամաշատ կուսակցություն ենք լինելու եւ ամեն մեկս մեր ներդրմամբ կկարողանանք մեր մի քանի գրասենյակները պահպանել»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:





























