Թուրքմենստանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընթանում են Մեջլիսի պատգամավորի ընտրություններ. օրենսդիր մարմնի 125 տեղի համար պայքարում են 283 թեկնածու:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի համաձայն՝ Թուրքմենստանի անկախության 22-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ ընտրություններն անցկացվում են երկկուսակցական հիմունքներով: Պատգամավորական մանդատի համար պայքարում են Դեմոկրատական կուսակցությունը (ԹԴԿ), որը հիմնվել է 1991թ-ին եւ մինչեւ այս տարվա օգոստոս այն գլխավորում էր երկրի նախագահը, Արդյունաբերողների եւ ձեռներեցների կուսակցությունը (ԹԱՁԿ), որը  հիմնվել է 2012թ-ին: Այն նույնպես ընդդիմադիր կուսակցություն չէ:

Նշենք, որ առաջին անգամ ընտրություններըև դիտարկելու համար Աշխաբադ է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, որի կազմում ԵԱՀԿ անդամ 14 պետությունների 15 ներկայացուցիչներ են: Նախկինում ԵԱՀԿ-ն 2007 եւ 2012թթ.,  նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 2008թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, 2010թ-ին Թուրքմենստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ միայն փորձագետների խմբեր է ուղարկել: Այսօր ընտրություններին հետեւելու են նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության անդամներ:

Երկրորդ անգամ (2008թ-ից հետո) Թուրքմենստանում խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը կիրականացնի ԱՊՀ երկրների առաքելությունը, որի կազմում կլինեն ԱՊՀ երկրների 67 ներկայացուցիչներ:

Թուրքմենստանի օրենսդրության համաձայն՝ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը քվեարկության ժամանակ ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների օրից ոչ ավելի, քան 10 օր անց:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել էին 2008թ. դեկտեմբերին, երբ Թուրքմենստանի Սահմանադրության նոր խմբագրության համաձայն պատգամավորական կորպուսը 65-ից ընդլայնվեց մինչեւ 125-ի եւ նախագահական ընտրություններ նշանակելու լիազորություն ստացավ: