Հայաստանի Ալավերդի քաղաքում հայ եւ վրացի խորհրդարանականների հանդիպումն ըստ էության հայ-վրացական խորհրդարանական հարաբերությունների սկիզբն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ըստ նրա` հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:  «Ես բարձր եմ գնահատում հանդիպումը, քանի որ հայ-վրացական հարաբերություններում միջխորհրդարանական ձեւաչափով հանդիպումներ չէին եղել:  Տեղի ունեցած հանդիպումը հատկանշական է նրանով, որ երկու կողմերից էլ դրան մեծ կարեւորություն է տրվում», - նշել է Շիրակ Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանդիպումը նաեւ  կողմնորոշել է հետագայում հայ-վրացական միջխորհրդարանական կապերի օրակարգում ընդգրկվելիք հարցերի շրջանակը: Ըստ պատգամավորի` երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել քննարկել  առկա  հարցերը եւ խնդիրները:

Խոսելով հանդիպման ընթացքում ընդունված հուշագրի մասին` պատգամավորն ընդգծել է, որ հուշագիրն ընդունվել է երկօրյա խորհրդաժողովի արդյունքում: Ըստ պատգամավորի` հուշագրի բովանդակությունը վերաբերում է խորհրդարանական մակարդակով հայ-վրացական փոխհարաբերությունների հաստատմանը եւ զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-16-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այցելել էր Հայաստան:  Դեկտեմբերի 14-ին Ալավերդի քաղաքում տեղի էր  ունեցել լիագումար նիստ` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: