Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների ե պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կառուցվող սրճարանի շինարարության ժամանակ շինարարները հողի շերտի տակ մշակութային գտածո են հայտնաբերել, բայց չեն հանել, բետոնով արագ ծածկել են, որ բոլոր հետքերը կորցնեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զույցում պատմեցին Գառնիի բնակիչները.  «Չգիտենք՝ որ բանվորն ա գտել, բայց ասում են՝ շատ հին զենք են գտել, որը կարող ա մշակութային հնություն ա»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ այս լուրը զայրացրել է Գառնիի համայնքի բնակիչներին. «Մերոնք լավ խառնված են իրար, կարող ա գնանք, քանդենք էդ բետոնը»։

NEWS.am-ը զրուցեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, որն ասաց, որ ինքն էլ գյուղացիներից է լսել դրա մասին, եւ ոչ մի հստակ տեղեկություն չունի։

ՊՈԱԿ-ի հետ կապվել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ Գառնիի գյուղապետը երկու անգամ մերժել է նախարարության ՊՈԱԿ-ին տաճարի տարածքում բացօթյա սեզոնային սրճարան տեղադրելու թույլտվություն տալ մտավախությամբ, որ հողի շերտի տակ կարող են լինել արժեքավոր գտածոներ։ ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը հայտարարել է, որ տարածքը հետազոտվել է եւ ենթակա է շինարարության։ ՊՈԱԿ-ը պատրաստ է դատարանի միջոցով հասնել թույլտվության։