«Ցավոք տարիների ընթացքում լեզվի տեսչությունը կորցրել է իր գործառույթների մի մասը, որի արդյունքում մենք ունենք հսկողական գործառույթներ, բայց օրենսդրական եւ ենթաօրենսդրական բազմաթիվ խնդիրներ կան»,- ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լեզվի տեսչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով` լեզվական վերահսկողության խնդիրները շատ դեպքերում չեն կատարվում, որովհետեւ լուրջ հակասություններ կան «Լեզվի մասին» ու հետագայում ստեղծված գովազդի ու ապրանքանիշերի մասին ՀՀ օրենքներում:

«Միայն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ենք ու 5 հարյուր խախտում ենք գրանցել Երեւանի կենտրոնական փողոցներում, էլ չենք խոսում, որ օտարաբանությունը մեզ այնքան է խեղդել, որ արդեն տաքսիների անվանումներն էլ են օտար լեզվով, այսինքն՝ մենք փորձում ենք հեռանալ մայրենի լեզվից եւ տուրք տալ օտարաբանությանը»,-նշել է Երիցյանը:

Վերջինս վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ Լեզվի տեսչության առաջիկա քայլը կլինի «Լեզվական տեսչական հսկողության մասին» օրենքի ստեղծումը, որը, Երիցյանի հավաստմամբ, հնարավորություն կտա տարբեր օրենքներում առկա հակասությունները հստակեցնել ու սահմանել օրենսդրական հիմնական դրույթները: