ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հեռագրում ասված է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,

Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Ազատ Սարգսյանի մահվան մասին:

Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հայրը մահացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ 84 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: