«Ժամանակը» գրում է. «Վանաձորի մանկապարտեզների տնօրենների պաշտոնում իր ազգականներին նշանակելու վերաբերյալ ԶԼՄ-ների վերջին հրապարակումներին ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է նաեւ իր «արժանիքներից», որոնք թերթը ներկայացրել է հետեւյալ կերպ.

«Վանաձորի քաղաքապետը ամենայն մանրամասնությամբ նշեց այն բոլոր աշխատանքները, որ կատարել է. աշխատել է շինարարությունում, երկրաշարժի ժամանակ բազմաթիվ անձանց է հանել փլատակներից, դրանից հետո մասնակցել է վերականգնման աշխատանքներին, մասնակցել է պատերազմին եւ օգնել հայկական բանակին՝ ինչով կարողացել է, դրանից հետո վերացրել է սողանքը»,- գրել է թերթը:

Մասնավորապես քաղաքապետ Դարբինյանի՝ պատերազմին մասնակցած լինելու հանգամանքը խիստ կասկածելի թվաց, քանի որ նախկինում նրա անունը երբեք չի շոշափվել այդ առումով, ուստի «Ժամանակը» այդ առնչությամբ հարց ուղղեց Լոռու մարզի երկրապահ կամավորականների միության խորհրդի նախագահ, Վանաձորի ներքին գործերի պահպանության բաժնի պետ, գնդապետ Կամո Հովհաննիսյանին, որն իր «Վանաձոր» ջոկատով մասնակցել է Արցախյան գոյամարտին:

Հարցին՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանն է՞լ է մասնակցել պատերազմին, Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Մեր հաջորդ հարցին՝ իսկ ինչ-որ ձեւով օգնե՞լ է հայկական բանակին, պատասխանեց. «Կարող ա հաց, բան ուղարկած լինի, բայց տենց կոնկրետ օգնություն ոնց որ թե չի եղել: Ես գոնե ինչքան ինձ հիշում եմ՝ չի եղել»: Ճշգրտող հարցին՝ եթե Դարբինյանի կողմից եղել է օգնություն, ապա կոնկրետ ի՞նչ ձեւով՝ սննդի, հագուստի, վառելիքի: «Իմ ջոկատին չի օգնել՝ ասեմ պարզ: Ես «Վանաձոր» ջոկատի հրամանատարն եմ եղել, մեզ չի օգնել»,- ասաց գնդապետը: Իսկ դիմե՞լ եք՝ հարցին ի պատասխան ասաց. «Չէ, էն ժամանակ դե ինքը «Ճանշին»-ում էր, մենք նույնիսկ էդ հիմնարկի տեղը չգիտեինք՝ ճիշտն ասած»:

Որպես պատերազմի անմիջական մասնակից, հրամանատար, ով նաեւ վիրավորվել է կռվում, Կամո Հովհաննիսյանը նաեւ կարծիք հայտնեց քաղաքապետի՝ նման հայտարարության վերաբերյալ. «Եթե կենսագրության մեջ բաց տեղ ունեն, թող ավելացնեն: 50-ն անց տարիքի մարդ ա, նո՞ր ա կենսագրություն գրում՝ չեմ հասկանում: Ամոթ ա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում