Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաեւ փոխգործակցության ոլորտները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Քլաուս Գերհաուզերը եւս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից եւ նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաեւ տեխնիկական օժանդակություն:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը եւ այլ հարցերի: