Հայաստանը մինչեւ 2043թ. իրեն դատապարտել է «Գազպրոմի» մենաշնորհին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ էներգետիկ բնագավառում հայ-ռուսական համաձայնագրերի նախագծերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Նրանցից մեկը՝ «Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի ձեւավորման կարգի մասին», կարգավորելու է Հայաստանի սակագները հաջորդ հինգ տարվա համար: Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ դրանք հաստատվելու են սահմանին հազար խմ-ի դիմաց 189 դոլարի չափով:
Մեջբերելով պայմանագրի նախագիծը՝ Արզումանյանը հայտարարել է, որ այդ պայմանագրով Հայաստանը ռուսական «Գազպրոմ»-ը դարձնում է Հայաստան գազի մատակարարման մենաշնորհատեր՝ մինչեւ 2043թ.: «Դրա համար հատուցելու են մեր երեխաները եւ թոռները: Ինչո՞ւ եք դուք նման պատասխանատվություն բարդում նրանց վրա: Իսկ գուցե այդ ժամանակահատվածում ա՞յլ շահավետ գործընկեր կհայտնվի», - հայտարարել է պատգամավորը:
Նա Հայաստանի համար եւս մեկ ստորացուցիչ կետ է անվանել նաեւ վիճելի հարցերում միջազգային արբիտրաժի կարգը: «Արբիտրաժն իրականացվելու է Ստոկհոլմում՝ ռուսերենով: Ես նման բան երբեք չեմ տեսել: Միջազգային պրակտիկայում միջազգային արբիտրաժն իրականացվում է երկու կողմերի լեզուներով: Այդ կարեւորագույն դրույթն այստեղ չի դիտարկվում», - հայտարարել է պատգամավորը:
Նշենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, Հայաստանը գազ կարող է գնել ցանկացած մատակարարից: «Եթե որեւէ մեկը մեզ ավելի շահավետ պայմաններ առաջարկի, մենք կհամաձայնենք», - հայտարարել էր նախարարը:





























