NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Որտե՞ղ եք անցկացրել Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է: Միշտ անց եմ կացրել ընտանիքիս հետ՝ ծնողներիս տանը:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:

Դա կախված է, թե օրվա որ ժամին եմ մոտենում ամանորյա սեղանին (ծիծաղում է): Օրիգինալ պատասխան չեմ տալու՝ շատ եմ սիրում նրբաբլիթներ՝ բլինչիկներ:

Ամանորի գիշերը Ձմեռ պապու կերպարով ո՞ւմ էիք ցանկանում տեսնել ձեր տանը:

Հենց Ձմեռ պապիկին՝ պարկով, նվերներով, երգերով ու կատակներով, իսկ նրա եղջերուներն էլ բակում սպասեին:

Ամանորին ամենաշատ ժամանակը ծախսում եք նվերներ գնելու, ուտեստներ պատրաստելու, թե՞ ձեր հագուկապը որոշելու վրա:

Ուտեստներ պատրաստելու: Հագուկապս շատ արագ եմ որոշում, նվերներն էլ նախապես գիտեմ բոլորի նախասիրությունները: 

Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:

Առաջինը զանգում եմ քրոջս, ապա՝ ընկերներիս: Նրանց թվում կան նաև հանրությանը հայտնի մարդիկ, բայց ինձ համար նրանք իմ ընկերներն են:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Քանի շիշ ի՞նչ կարող եմ խմել (ծիծաղում է): Խմել կարող եմ շատ, բայց չեմ խմում՝ բարձր տրամադրության համար ոգելիցն ընդհանրապես անհրաժեշտ չէ:

Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:

Շատ չէ: Կիլոգրամներն ինչպես գալիս են, այնպես էլ գնում են:

Ամանորյա ձեր ծախսերը ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Ազգային այդ գիծն ինձ շրջանցել է՝ ամբողջ տարվա եկամուտս չեմ ծախսում Ամանորին:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ինչ կերգեիք:

Ցանկությունս իրականացնելու համար Ձմեռ պապի համար կերգեմ ցանկացած երգ, կպարեմ, կարտասանեմ...

Ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:

Նմանեցնեմ թե չնմանեցնեմ, տարով օձ եմ: Իսկ բնավորությամբ՝ երևի կատվազգի:

Ինգա Մարտինյան