2014-ին Հայաստանում իր աշխատանքը կվերսկսի Սուրենավան գյուղի բիտումի գործարանը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ նշել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, գործարանը ռուսական 25 հազար գուդրոնի գնման հայց է ներկայացրել՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համաձայնագրի շրջանակներում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի ներկայացուցիչը, խնդրելով չնշել անունը, նկատել է, որ ներկայումս գործարարնը դադարեցրել է աշխատանքը, սակայն ռուսական գուդրոնը ստանալուն պես կկարողանա վերսկսել իր գործունեությունը: «25 հազար տոննան մեր տարեկան հզորության կեսն է ու եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանա, դադար չի լինի»,-հայտարարել է ներկայացուցիչը:
«Տեխնոլոգիան մենք հարթել ենք, տեխնիկապես հենց հիմա էլ կարող ենք սկսել: Դժվարություններն ավելի շուտ այլ բնույթի է: Սակայն հուսով ենք, որ մեր աշխատանքով կհաղթահարենք դա»,-հավելել է ներկայացուցիչը:
Նշենք, որ գործարանը «Միկա լիմիթեդ» հոլդինգի կազմում է, որը ֆինանսական դժվարություններ ունի:





























