Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունների՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» դիմումը Սահմանադրական դատարանը ընդունել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Նա նշեց, որ դիմումը չի վերադարձվել, այն տրված է դատավորին եւ այժմ ուսումնասիրման փուլում է: Դրանից հետո կգումարվի աշխատակարգային նիստ, որտեղ կորոշվի, թե դիմումը ինչ ընթացակարգով եւ երբ կքննվի:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը ՍԴ-ում կվիճարկեն Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, նախօրեին ՍԴ-ին ուղղված դիմում-բողոքը հանձնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն այն հանձնի ՍԴ-ին: Նրանք երեկ երթ են անցկացրել եւ ՍԴ-ի մոտ ընթերցել հայտարարություն:





























