Օրերս ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ից մեկնարկած հրամանատարաշտաբային ֆակուլտետի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հաստիքապաշտոնային «Կապիտան» զինվորական կոչումով նախատեսված որակավորման 12-շաբաթյա դասընթացների ավարտական հանդիսավոր միջոցառումը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դասընթացներին մասնակցում էին հիմնականում ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակների եւ հրետանային մարտկոցների դասակների հրամանատարներ, որոնք ընդգրկված էին պաշտոնի առաջխաղացման ռեզերվի անվանացուցակներում:

Դասընթացների կազմակերպման հիմնական նպատակներից է ռազմական կրթության շարունակականության ապահովումը, ինչպես նաեւ ժամանակակից մարտական գործողություններին եւ շտաբային աշխատանքներին պատրաստ, դաշնակից եւ գործընկեր պետությունների հետ հասմագործակցության շրջանակներում փոխգործունակ սպաների պատրաստումը: Կրտսեր սպայական կազմը ուսումնառության ընթացքում ստանում է համազորային, այլ զորատեսակների ներգրավմամբ գործողությունների պլանավորման ու վարման, ինչպես նաեւ մարտական, թիկունքային եւ տեխնիկական ապահովման վերաբերյալ համակողմանի գիտելիքներ: Նախորոշված ժամանակամիջոցում կրտսեր սպաները ձեռք են բերում անհրաժեշտ զորատեսակի որակավորում  եւ անցնելով լրացուցիչ ուսուցում ու վերապատրաստում` կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող հրամանատարական պաշտոններ: