Որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Ճեպազրույցը կայացել է համանախագահների եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, քանի որ վերջիվերջո որոշվում է Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ճակատագիրը:
«Մենք կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքն ավարտելուց հետո, երբ պարզ դառնա՝ ինչպես գործել տվյալ փուլում, կարելի կլինի քննարկել այդ հարցը», -ասել է Իգոր Պոպովը եւ հիշեցրել, որ ԼՂՀ այցերը, Բակո Սահակյանի հետ հանդիպումները հենց Ղարաբաղը քննարկումներին ներգրավել են նշանակում:
«Մենք հենց այնպես չենք այստեղ հանդիպում եւ զրուցում գյուղատնտեսության ու այլ խնդիրների մասին: Մենք նաեւ էական հարցեր ենք քննարկում, որոնք շոշափվում են համանախագահների հանդիպումների ընթացքում», - նշել է համանախագահը:
Ռուսաստանցի համանախագահը նաեւ տեղեկացրել է, որ քննարկվել է առաջին գծի իրավիճակը: «Ցավոք, ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կցանկանայինք: Շարունակում են մարդիկ զոհվել: Թեեւ զոհերի թիվը զգալի նվազել է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ է եւ ցավ»: Ըստ նրա՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի շփման գծում տիրող իրավիճակը եւ այն քայլերը, որոնք կկայունացնեն սահմանի իրավիճակը:
Հիշեցնենք, ավելի վաղ համանախագահներն այցելել էին Բաքու եւ Երեւան:





























