Թուրքիայում դեկտեմբերի 17-ի առավոտյան «մեծ կաշառք»  աղմկոտ գործողության ժամանակ ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի, նա միլիարդավոր դոլարների մաքսանենգ գործարքներ է իրականացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի Ռեզա Զարրաբը Թուրքիայի ՆԳ, Էկոնոմիկայի եւ Բնապահպանության նախարարների որդիների հետ 2012-ից հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարզվել է, որ Զարրաբն այս ընթացքում Իրանից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ոսկի է բերել Թուրքիա եւ կրկին մաքսանենգ ճանապարհով իրականացրել կանխիկ գումարի փոխանցումներ։ Կանխիկ գումարի տեղափոխման ժամանակ ծագած խնդիրների պատճառով նա գործարքներն իրականացրել է Halk բանկի միջոցով։ Այս ընթացքում նա իրականացրել է անօրինական 10 մլրդ դոլարի շրջանառություն, որի 3 կամ 4 տոկոսը որպես կաշառք տվել է պաշտոնյաներին կամ նրանց որդիներին։

Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։

Նշենք,  որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության  նախարարների որդիները։