«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու մեկնող հայ մարզիկների հետ կատարված անախորժության գործով մեղադրյալ կինը չի ճանաչում իր մեղավորությունը: Կնոջ փաստաբան Գայանե Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը հաջորդ հարցաքննության ժամանակ հայտարարելու է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Իսկ թե ինչ է իրականում եղել, փաստաբանը չնշեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքը: Գայանե Գրիգորյանը շեշտեց, որ «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ն իրավունք չուներ իր պաշտպանյալի հետ պայմանագիր կնքել, որպես տենդեր շահած կազմակերպություն՝ ինքն էր պարտավոր անձամբ կատարել պարտավորությունները կամ էլ լիազորագիր տրամադրել, սակայն իր պաշտպանյալը որեւէ կազմակերպություն չի ներկայացնում եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:
Գայանե Գրիգորյանը նշեց, որ իր պաշտպանյալն ասել է, որ ինքը շոկային վիճակում էր գտնվում եւ չի հիշում՝ ինչ է կատարվել, ինչ ցուցմունքներ է տվել:
Ի դեպ, նրանք դիմել են Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու հարցով: Առայժմ դատական նիստի օրը հայտնի չէ, այն պարզ կլինի առաջիկա օրերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար ավիատոմսերի վաճառքով զբաղվող կնոջը փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը այդ կինը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Այս գործը միացվել է ԱԱԾ վարույթում յուրացումների փաստով քննվող մեկ այլ գործի, որի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նույն կինն է:





























