Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարանից գողություն կատարած անձինք այդպես էլ չեն հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Ձեռնարկվում են օպերատիվ, հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին ժամը 09:30-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել Ֆելիքս Թոխյանի բնակարան եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո եւ 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն):





























