Ղարաբաղյան հակամարտության կողմերի ոչ կառավարական կազմակերպությունները կարող են որոշակի ակտիվություն դրսեւորել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք ասել, որ Վիեննայում նախագահների հանդիպումից հետո գործընթացն աշխուժացել է, եւ ինչպիսի՞ն են 2014թ. սպասելիքները, Մասիս Մայիլյանը հիշեցրել է, որ  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2012թ. հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո,  Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը պասիվ փուլում էր:  «Նման իրավիճակը պայմանավորված էր նրանով, որ 2012 եւ 2013թթ. ընտրությունների ժամանակաշրջան էին ինչպես միջնորդ երկրների, այնպես էլ Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի համար», - նշել է Մայիլյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ գրեթե երկամյա ընդմիջումից հետո:  Գագաթաժողովի արդյունքում միջազգային միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ « ... Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:

«Այսպիսով, կարելի է ակնկալել, որ ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո, համանախագահ երկրները եւ  հակամարտող կողմերն ավելի աշխույժ կզբաղվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով», - նշել է Մասիս Մայիլյանը:

Ըստ նրա՝ ԼՂՀ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կողմ է արտահայտվել վստահության եւ անվտանգության միջոցառումներ իրականացնելու կարեւորությանը եւ «Track II diplomacy» նախաձեռնությանը: Նա նշել է, որ կարելի է նորացնել ջանքերը՝  «Track II» ծրագրի բոլոր ուղղություններով:

«2014թ. ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան մտադիր է ակտիվ աշխատել կողմերի հետ եւ որոշումներ կայացնել՝ թեկուզ փոքր, սակայն հստակ հարցերի վերաբերյալ», - ամփոփել է Մասիս Մայիլյանը: