Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլը հաջողության նվազագույն հնարավորություններ ունի, սակայն, մի փոքր հույս կա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է «Զերկալո» շաբաթաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը սառը ցնցուղ էր շատերի համար՝ ամերիկացիների, որոնք իրենց ինքնավստահ հնդկահավերի պես էին պահում, քանի որ միշտ կարծում են, որ այնքան ուժեղ են, որ կարող են ցանկացած պահի լուծել այս կամ այն խնդիրը: Սեպտեմբերի երեքից հետո նրանք գիտակցեցին, որ կարող են կորցնել Հարավային Կովկասը»,-ընդգծել է նա, կարծիք հայտնելով, որ ամերիկյան լուրջ ակտիվացման պատճառը հենց դա է:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար եւս դա «սառը ցնցուղ էր», քանի որ հակամարտության առկայությունը իսկապես լրջորեն սահմանափակել է երկրի իրական հնարավորությունները: Բաքվի համար եւս դա «սառը ցնցուղ էր» այն պատճառով, որ Հայաստանի միջոցով ուժեղագույն ճնշում է գործադրվում Ադրբեջանի վրա:





























