Հայաստանի ոստիկանության աշխատակիցը, որի մեղքով բանտարկյալին հաջողվել է փախչել դատարանի դահլիճից, կդատեն:

23-ամյա Հովհաննես Զարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող եւ նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետեւել պահակախմբի ավագի հրահանգներին եւ խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:

Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս եւ կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով ոստիկանի անփութությունից, հրել է մի կողմ եւ խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի: