Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ անլուրջ է վերաբերում Հայաստանի եւ ԼՂ-ի հետ խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի Զինված ուժերի կողմից պայմանագրային հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանության փաստը, հաղորդում է «Asbarez»-ը:

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման պահանջին, ադրբեջանական ուժերը սպանել են հայ զինծառայող Հրանտ Պողոսյանին: Հայկական ուժերը հետեւել են հրադադարի ռեժիմին եւ սադրանքին չեն տրվել»,-ասել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել խաղաղությանը: «Նախորդ տարի Ադրբեջանը հանդիսավորությամբ ընդունեց հանցագործ Ռամիլ Սաֆարովին, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացների ժամանակ դաժանաբար կացնահարել էր քնած հայ սպային: Ադրբեջանն ու նրա ուժերը պետք է պատասխանատվության կանչվեն Հայաստանի նկատմամբ բռնության այդ վերջին ցուցադրության եւ ԵԱՀԿ-ի կողմից վարվող բանակցությունների նկատմամբ հարգանքի բացակայության համար: Ես այսուհետ եւս կկանգնեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողքը՝ նրանց խաղաղության եւ անվտանգության համար պայքարում»,-ասել է Շերմանը: