Պաբլո Պիկասոյի միլիոն դոլար գնահատվող կտավը միջազգային բարեգործական վիճակախաղի հաղթողին բաժին է հասել 100 եվրոյով: Երջանիկը 25-ամյա ամերիկացի Ջեֆրի Գոնանոն է` Փենսիլվանիա նահանգից: Հաղթողին է հասել 1914թ. նկարված «Գլխարկով տղամարդը» կտավը: Ըստ Ջեֆրիի` ինքը «պարզապես նկար էր փնտրում հյուրասենյակի համար»: Եվ այժմ պատը կզարդարի գլուխգործոցը:
«Ես արվեստի ստեղծագործություն էի փնտրում եւ վճռեցի բախտս վիճակախաղում փորձել», — ասել է Գոնանոն եւ հավելել, որ չնայած իր ձեռքբերման մեծ արժեքին, ինքը դեռ չի պատրաստվում դրանից բաժանվել:
Վիճակահանությունն անցկացրել է Sotheby's աճուրդի տունը: Աճուրդն անցկացնելու մասին հայտարարվել էր ապրիլին: Ցակացողները վիճակախաղի տոմսը համացանցով կարող էին գնել 100 եվրոյով:
«Գլխարկով տղամարդը» նկարը արված է գուաշով` 30,5 x24 սմ կտավի վրա: Նկարը վաճառքի է ներկայացվել «Փրկենք Տիրը» (Լիբանանի նավահանգստային քաղաք, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է համաշխարհային ժառանգություն) միջազգային կազմակերպության հովանավորի կողմից: Կազմակերպությունն ակցիան կազմակերպել էր, որպեսզի վիճակախաղի տոմսերի վաճառքից 5 միլիոն դոլար ստանա իր նախագծերի համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























