Ծխախոտը ձեռքին եւ առանց ամրագոտու երթեւեկող բարձրաստիճան ոստիկանի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ծառայողական քննության արդյունքում  Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակում դասակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ներսիսյանին նկատողություն է հայտարարվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիների երթը հսկող Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակից, ոստիկանության փոխգնդապետը մեքենան վարում էր առանց ամրագոտու,  ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը տեսնելով՝ նա թաքցրել է ծխախոտը եւ պահանջել, որ լրագրողն անջատի տեսախցիկը։ Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել բարձրաստիճան ոստիկանին ծխախոտը ձեռքին։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքով՝ գունագրաֆիկ մշակում ունեցող մեքենաների վարորդները՝ ոստիկանները, փրկարարները, շտապօգնության, ինկասացիայի վարորդները կարող են առանց ամրագոտու երթեւեկել, քանի որ նրանք համարվում են ծառայության մեջ: Փաստորեն, այս պարագայում փոխգնդապետի կողմից խախտում կարող է նկատվել միայն ղեկին ծխելու հանգամանքը: Օրինախախտը Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակում դասակի հրամանատար է, փոխգնդապետ Կարեն Ներսիսյանը։ Ոստիկանությունը ուսումնասիրում էր NEWS.am-ի հրապարակած տեսանյութը եւ նշանակել էր ծառայողական քննություն: