Բրազիլիայում հղի կինը, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ կեսարյան վիրահատություն կատարելու համար, ցնցել է բժիշկներին: Երբ վիրաբույժները վիրահատել են կնոջը, նրանք հայտնաբերել են, որ արգանդը դատարկ է:
Հղիության սկզբում 37-ամյա կինը հետազոտվել է մանկաբարձուհու մոտ, որի հետ միասին էլ եկել է հիվանդանոց եւ բողոքել սուր ցավերից:
Ընդգծված ցցված փորով կինը հետազոտվել է հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում, որի արդյունքները վկայել են, որ նա գտնվում է հղիության 41-րդ շաբաթում:
Երբ բժիշկները չեն հայտնաբերել երեխայի սրտխփոցը, նրան արագ ուղարկել են կեսարյան վիրահատության, պատմել է հիվանդանոցի բժիշկներից Ռոզալիս Ալմեյդան: Հատկանշական է, որ երբ բժիշկները չեն հայտնաբերել երեխայի սրտխփոցը, կնոջը վիրահատության են ուղարկել առանց ՈՒԶԻ անելու:
Բուժանձնակազմն ապշել էր՝ երեխային արգանդում չգտնելով, հայտնում է Globo G1-ը:
Կնոջ ամուսնու խոսքով՝ սա մեկ տարվա ընթացքում իր կնոջ երկրորդ հղիությունն էր: Նախորդ տարի կինը վստահեցրել էր, որ հղիացել եւ կորցրել է երեխային, բայց այդպես էլ երեխայի մահվան վկայականը ցույց չէր տվել: Տվյալ դեպքն արձանագրվել էր որպես խաբուսիկ կամ կեղծ հղիություն, փոխանցում է TVnet-ը:
Այս հազվագյուտ հիվանդությունն առաջանում է, երբ կինն իրեն համոզում է, որ հղի է, ընդ որում՝ նրա մոտ առկա են լինում հղիության բոլոր դասական ախտանիշները:





























