Ուկրաինան գտնվում է բարդ իրավիճակում, եւ եթե մենք ասում ենք, որ նրանք եղբայրական ժողովուրդ են, ապա պետք է վարվենք ինչպես հարազատի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիեւին փող հատկացնելը երաշխավորո՞ւմ է, որ այդ երկիրը կմտնի Մաքսային միություն եւ որքան է Մոսկվան դեռեւս պատրաստ վճարել, որպեսզի վերջնականապես Կիեւին հեռացնի Եվրոպայից:
Պուտինը նաեւ հիշեցրել է, որ ժամանակին Ռուսաստանը աշխատել է նաեւ Տիմոշենկոյի հետ. «Ի դեպ, հենց նա էլ ստորագրել է գազային պայմանագիրը, որը հիմնավորված է»:
Անդրադառնալով պատճառներին, թե ինչու է Ռուսաստանը որոշել սուբսիդավորել Ուկրաինային, ՌԴ նախագահը նշել է, որ ամեն ինչ արվել է ուկրաինացի ժողովրդի շահերից ելնելով: «Ես որպես սիրողական մարզիկ կարող եմ ասել, որ պետք է մի փոքր շարժել մկանները եւ ամեն բան պարզ կդառնա»,-ընդգծել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչ վերաբերում է գազի սակագնի նվազմանը, ՌԴ նախագահի խոսքով, դա պրագմատիկ որոշում է, «ինչու քայքայել հիմնական գործընկերոջը»: «Ուկրաինային միջոցները հատկացվում են Ազգային բարօրության հիմնադրամից: Դրանք կտեղակայվեն իռլանդական բորսայում եւ կկառավարվեն ՎՏԲ-Կապիտալի կողմից:
Եթե Ուկրաինան ընդունի ԵՄ տեխնիկական ստանդարտները, այն մեզ ընդհանրապես ոչինչ չի կարող վաճառել: Ուկրաինային գումար է հարկավոր, եւ 15 միլիարդը միայն աջակցություն է բյուջեին:
Սա ոչ մի կերպ կապված չէ Մայդանի կամ էլ ԵՄ-ի հետ բանակցությունների հետ: Մենք պարզապես տեսնում ենք, որ Ուկրաինան օգնության կարիք ունի: Միջոցները պաշտպանված կլինեն, մեր կողմից ֆինանսական ոչ մի վատնում չեմ տեսնում»,- հայտարարել է Պուտինը:





























