Մաքսային ու Եվրասիական միությունների նախագիծն այս փուլում ուղղված է նախ՝ մասնակից-երկրների միջեւ տնտեսական կապերի վերականգնմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով՝ այսօր գոյություն ունի որոշակի միտում՝ մեծ տարածաշրջաններ ներառող մակրոտնտեսական ինտեգրացիոն նախագծերի իրականացման տեսանկյունից: Ինչպես նա է նշել, տնտեսական ինտեգրացիայի պահանջմունքը օբյեկտիվ է ու ՄՄ-ն ենթադրում է ինչպես առավելություններ, այնպես էլ որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ, քանի որ եթե բոլոր երկրները պայմանավորվում են, ապա դա այս կամ այն առումով կոմպրոմիսի արդյունք է հանդիսանում: Նրանք ինչ-որ բաներ կորցնում են, ինչ-որ բաներ՝ գտնում: