Աշխարհում մոտ 2,5 մլրդ աղքատ կա, որոնցից մեկ մլրդ-ը չքավոր է: Այս մասին, այսօր ` դեկտեմբերի  19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով չքավորների օգնության միջազգային օրվան:

Նրա խոսքով՝ չքավորները սովորաբար սոված են պառկում քնելու, քանի որ սնվելու գումար չունեն:  Ինչ վերաբերում է Հայաստանին, նա ասաց, որ  պաշտոնական տվյալներով, մեր ընտանիքների մոտ 37 տոկոսն աղքատ է, որոնցից չքավորները կազմում են սովորաբար 7 տոկոսը:

«Մեր տվյալներով էլ բացարձակ աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի, բայց իրենց աղքատ են համարում 20 տոկոսը: Այսինք` նրանք չեն ցանկանում իրենց համարել աղքատ: Իսկ 47 տոկոսից 10 տոկոսն ընչազուրկներն են: Հայաստանում ամեն տասերորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, բնակչության կեսը բանկում ավանդ ունի, որը միջինը կազմում է 1,5 մլրդ դոլար: «Դա հին հայկական հիվանդություն է՝ կուտակել մի տեղ գումար, որ նեղ պահին հիվանդություն է, ոստիկանություն, որ օգնի դիմակայել կյանքի անսպասելի դժվարություններին: 100 հազար ընտանիք էլ ստանում են աղքատության նպաստ, որը ամսական կազմում է 29 հազար դրամ»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ հույսը դնել, թե պետությունը մեզ դուրս կհանի այդ վիճակից, անիմաստ է:

«Աղքատության դեմ պայքարը պետք է տարվի, ոչ միայն պետական լծակներով, այլեւ տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ եկեղեցին այս հարցում դժբախտաբար լռում է: Ամենավատն այն է, որ մեր մեծահարուստները կարող են հսկայական գումարներ ծախսել եկեղեցի կառուցելու համար, բայց աղքատ ընտանիքներին այդքան չեն օգնում: Այսինքն մարդկանց ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am