29-ամյա Ռուստամ Ս.-ն մեղադրվում է ծանոթուհու տունը եւ բակը դիտավորությամբ հրկիզելու մեջ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Ռուստամ Ս.-ն, ունենալով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակ, ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակչուհի Գոզետա Շ.-ին պատկանող տան բակ եւ հրկիզման միջոցով ոչնչացրել է նրա տունը` գույքով, վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող` շուրջ 16 000 000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Քրեական գործ է հարուցվել 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























