Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ինքնատիպ եւ տոնական ձեւավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին եւ Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի եւ հուշանվերների հավաքածուներ եւ այլ ապրանքատեսակներ: Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող  Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:

Երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլեւ զբոսնելու եւ հաճելի ժամանակ անկացնելու:

Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 8-ը: