Հայաստանի ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ դեկտեմբերի 19-ին Երեւանում տեղի է ունեցել կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման ընթացքը` ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) եւ Կողմերի կոմիտեի կողմից արված առաջարկների լույսի ներքո: Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին մասնակիցները առաջարկություններ են ներկայացրել Հայաստան-ԳՐԵՏԱ համագործակցության հետագա ծավալման վերաբերյալ:





























