ԱՄՆ-ի ռազմավարական նշանակության հրթիռային ստորաբաժանումների հրամանատար գեներալ Մայքլ Քերին պաշտոնանկ է արվել` Ռուսաստան գործուղման ժամանակ «անպարկեշտ» վարքի համար:
Քերին չարաշահել է ալկոհոլային խմիչքները եւ կոպիտ վարվել այս տարվա հուլիսին Ռուսասանում ընթացող համատեղ զորավարժություններ իրականացնող կողմի ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր տեսուչի զեկույցում նաեւ նշվում է, որ Ռուսաստան այցի ժամանակ Քերին չափից ավելի մտերմիկ է շփվել մի արտասահմանցի կնոջ հետ, որը անվտանգության տեսակետից «կասկած էր առաջացրել», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
Գեներալ-մայոր Քերին ԱՄՆ-ի զինված ուժերի շարքից հեռացվել էր Պենտագոնի ղեկավարության կողմից` այս տարվա հոկտեմբերին, իր դեմ սկսված քննության ավարտից հետո, սակայն զեկույցի որոշ մանրամասներ հրապարակվել են միայն այժմ:
Մայքլ Քերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի այն ստորաբաժանման հրամանատարն էր, որն ունի միջցամաքային բալիստիկական 450 հրթիռ:





























