Արձակագիր Լեւոն Խեչոյանն արդեն Հայաաստանում է, նրան գիշերը ժամը 03.00-ին տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ այսօր մի քանի գրողներով կայցելեն հիվանդանոցում գտնվող Լեւոն Խեչոյանին: Արձակագրի մտերիմներից էլ տեղեկացել ենք, որ նա բավականին լավ է, զգացողությունը լավ է:
Իսկ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը կայուն է, միջին ծանրության: Գերմանիայում քիմիոթերապիայի կուրս անցնելուց հետո նա կշարունակի «Արթմեդում» ստանալ վերականգնողական բուժում: «Ներկա պահին որոշակի հետազոտություններ պետք է անցնի, հաջորդ շաբաթ ստույգ կտեղեկացնենք»,- հայտնեց աշխատակիցը՝ հավելելով, որ դեռեւս չեն կարող ասել, թե նա ինչքնա ժամանակ կմնա հիվանդանոցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ էին տվել անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Կառավարությունը նրա բուժման ծախսերի համար փոխանցել էր 8 մլն դրամ:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր:





























