Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է սատարել ադրբեջանական կողմի գնդակոծություններից Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի պաշտպանությանը, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ պատվիրակ Մատիաս Վայնրայխը՝ սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմրաղբյուր գյուղեր այցելությունից հետո:
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ծրագրեր ունի, նա պատասխանել է, որ նման ծրագրեր կան եւ որ նախօրեին զրուցել են Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի հետ:
«Մենք քննարկել ենք պաշտպանիչ պատ կառուցելու ծրագիրը: Դուք եղել եք մանկապարտեզում եւ ինքներդ եք տեսել: Շենքի աջ կողմում բաց տարածություն է՝ հակառակորդի դիրքերին դեմ-հանդիման:
Պատը նախատեսվում է մանկապարտեզի շենքը պաշտպանելու համար», - նշել է պատվիրակը՝ ընդգծելով, որ շենքի պատերին կրակոցների հետքեր են երեւում: Ըստ նրա՝ այժմ քննարկվում է գյուղի կողմից շինանյութեր հատկացնելու հարցը. «Մենք հուսով ենք, որ մեր օգնությամբ մոտ ապագայում ծրագիրը կյանքի կկոչվի»:





























