Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով անցնող բոլոր 75 ձերբակալվածները ազատ են արձակվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով գլխավոր կասկածյալներից ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Չեւիք Բիրը, ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա քարտուղար Էրոլ Օզքասնաքը եւ եւս 3 պաշտոնաթող գեներալներ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Այս 5 զինվորականների ազատ արձակումով հիշյալ գործով կալանավորված կասկածյալ այլեւս չկա։ Ձերբակալված բոլոր 75 կասկածյալներն ազատ են արձակվել տարբեր ժամանակներում։
Նշենք, որ Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով մեղադրական զեկույցը կազմված է 300 էջից, որում մեղադրանք է առաջադրվել 103 ներկա եւ նախկին բարձրաստիճան զինվորականների եւ մեկ քաղաքացիական անձի դեմ։
Մեղադրական զեկույցում գլխավոր մեղադրյալը ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայն է։ Մեղադրյալների ցուցակը հաջորդաբար շարունակում են ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Չեւիք Բիրը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա քարտուղար Էրոլ Օզքասնաքը։
Հիշեցնենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։





























