Եթե Ռուսաստանը վաղը որոշի «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, կարո՞ղ է Հայաստանը դիմակայել դրան, թե՞ կառավարությունը հանգիստ կհետեւի գործընթացին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ««Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի մասին» հարցի քննարկման ժամանակ:
Ի պատասխան էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ համաձայնագրում հստակ նշված է՝ ում իրավունք ունեն վաճառելու «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերը. միայն դրա հետ կապված ընկերություններին:
Ի պատասխան Փոստանջյանը պատմական անդրադարձ է կատարել. «Կարսի պայմանագիրը ստորագրեցին Հայաստանի խորհրդային իշխանությունները, ինչից հետո հայլկական հողերի մեծ մասն անցավ Թուրքիային: Դուք հիմա համոզվա՞ծ եք, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի պայմանագիր, որով ինչ-որ բան կարող է անցնել Թուրքիային կամ Ադրբեջանին: Անցյալում խորհրդայնացման գործընթաց էր տեղի ունենում, այժմ՝ մաքսայնացման»:
Սրան ի պատասխան Մովսիսյանը հայտարարել է. «Վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա, եւ համաձայնագրում փոփոխություններ չեն լինի»:




























