Հայաստանում գտնվող եզակի հնավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, անընկալելի եւ անընդունելի է: Այդ մասին ասվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանի հնագիտական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների մի ստվար հատված վաղուց արդեն վերածվել է ժամանցի գոտու, ինչն իր հետ բերում է ճարտարապետական տեսքի աղավաղում, տարածքն էլ վերածվում է աղբակույտերի: Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությանը նախ եւ առաջ դեմ պետք է լիներ Մշակույթի նախարարությունը, սակայն պետական այդ կառույցն է նախաձեռնել սրճարան ստեղծելու գաղափարը:

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն իր վճռական ոչն է ասում Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում որեւիցե շինության առկայությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների համար նախատեսվող «փոքրիկ» սրճարանները հանգեցնում են ռեստորանային համալիրների: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ Գառնի գյուղի բնակիչներն իրենք չեն ցանկանում այդ սրճարանի գոյությունն ու մեր զորակցությունն ենք հայտնում իրենց պայքարին: Գառնիի հեթանոսական տաճարը պետք է մնա անաղարտ վիճակում, այլ ոչ թե ինչ-ինչ չինովնիկների քմահաճույքին ենթարկվի»,- նշել են հայտարարության հեղինակները: