Վարդենիկի ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանը ուսուցիչ աշխատելու համար համապատասխան որակավորում չունի: Այս մասին NEWS.am-ին ասաց սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցչին ծեծելու մեղադրանքով դեկտեմբերի 3-ին կալանավորված, 12 դասարանի աշակերտ Մեսրոպ Գրիգորյանի հայրը` Մարզպետուն Գրիգորյանը:
«Երեկ մենք Կրթության և գիտության նախարարությունում էինք երեխաների խնդրով, և այնտեղ մեզ ասացին, որ Սևակ Բադալյանը չունի համապատասխան փաստաթղթեր և որակավորում ուսուցիչ աշխատելու համար»,-ասաց Մարզպետուն Գրիգորյանը` նշելով, որ Սևակ Բադալյանը այժմ հեռակա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ի ծեծկռտուքի հետեւանքով իր տղան` Մեսրոպ Գրիգորյանը, նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն այդ մասին ոչ դատական բժիշկն է նշել, ոչ էլ նախաքննական մարմինը. «Երեխուս գլխին և ականջի կողքը ծեծից ուռուցքներ էին առաջացել, ձախ ծնոտին էլ կապտուկներ կային»: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենը NEWS.am-ին պատմել էր, որ իր եղբայրը աշակերտների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով երկու լիտր արյուն է կորցրել եւ երկարատեւ բուժման կարիք ունի։
Մարզպետուն Գրիգորյանը կրկին պնդեց, որ ուսուցչի հետ ծեծկռտուքի մասնակից երեք աշակերտների ծնողները գումարը հանձնել են անձամբ դպրոցի տնօրեն Կամո Բադալյանին` նրա առանձնասենյակում, մինչդեռ տնօրենը պնդում է, որ գումարը իրեն չեն հանձնել, այլ իր եղբորը` Սևակ Բադալյանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 աշակերտներին մեղադրանք է առաջադրվել, Մեսրոպ Գրիգորյանին դեկտեմբերի 3-ին կալանավորել են: Ծնողներն ու աշակերտներն ասում են, որ ուսուցիչը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչից հետո է սկսվել, այս լուրը հերքում է դպրոցի տնօրենը։ Աշակերտները NEWS.am-ին պատմեցին, որ միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իրենց դասղեկ Սեւակ Բադալյանը չէ, որ տնօրենի հարազատն է, դպրոցի ուսուցիչների մի մասը նրա բարեկամներն են։





























