Մաքսային ռազմավարության առաջնահերթության հիմքում բիզնեսի համար առողջ միջավայրի ապահովումն է` սկսած սահմանային անցակետերի արդիականացումից, ընթացակարգերի պարզեցումից մինչեւ տեխնիկական վերազինում: Վերջին տարիներին համակարգը մաքսային հսկողության ժամանակակից տեխնոլոգիաներով համալրելու նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացրել, այդ թվում` միջազգային համագործակցության շրջանակներում:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործակցության արդյունքում ծառայությունը համալրվել է ռենտգենյան զննման գերժամանակակից համակարգով: Շնորհակալություն հայտնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը տրամադրած աջակցության համար` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ նման տեխնիկական բնութագրերով ռենտգենյան սարքավորում ձեռք է բերվում առաջին անգամ. «Անկասկած, ռենտգենային զննման գերժամանակակից այս համակարգի կիրառումը թույլ կտա զգալի բարձրացնել մաքսանենգության եւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը: Մյուս կողմից հսկողական նորանոր լուծումների շարունակական կիրառմամբ կոմիտեն ձգտում է ավելի բարենպաստ պայմաններ ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար»: ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին ընդգծել է. «Չինաստանը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, որոնցից մեկն էլ այսօր ցուցաբերված տեխնիկական օժանդակությունն է Հայաստանի մաքսային ծառայությանը»: Սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն տարբերվում է մաքսային ծառայությունում, մասնավորապես Մեղրիի եւ Բագրատաշենի մաքսակետերում գործող նմանատիպ սարքավորումներից: ՊԵԿ Մաքսային հսկողության սարքավորումների եւ կապի շահագործման ու սպասարկման բաժնի պետ Արտակ Գալստյանի խոսքերով, այն շարժական է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում եւ ըստ անհրաժեշտության համակարգը շահագործել մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այդ թվում` մաքսակետերում, մաքսային պահեստներում եւ ընդհնարապես, ցանկացած վայրում: Սարքը կարող է աշխատել էլեկտրասնուցմամբ, իսկ 40Կվտ հզորությամբ դիզելային գեներատորի շնորհիվ` նաեւ ինքնավար: Համակարգը հնարավորություն է տալիս ռենտգենյան սկանավորման միջոցով արագ եւ ճշգրիտ ստուգել բեռնատարների, բեռնարկղների պարունակությունն, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը մաքսային հայտարարագրի, բեռն ուղեկցող փասթաթղթերի հետ: Ըստ Արտակ Գալստյանի, շուրջօրյա ռեժիմով` սարքն ունակ է մեկ ժամում զննելու մինչեւ 4.6մ բարձրությամբ եւ 2.6մ լայնությամբ 15-20 բեռնատար, սկանավորման արագությունը կազմում է 0.2-0.4մ/վրկ, ընդ որում, մեկ քայլով կարող է սկանավորել հաջորդաբար կանգնած մինչեւ 4 բեռնատար: Աշխատանքային տարածքը հսկվում է ահազանգման հատուկ համակարգով: Հաշվի առնելով հայ-վրացական սահմանին շրջանցիկ ճանապարհների առատությունը` նմանատիպ շարժական սարքի օգնությամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել նաեւ մաքսանենգ բեռնափոխադրողների դեմ:




























