Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեկտեմբերի 19-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:
«Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող հարազատների նկատմամբ:
Հետեւաբար, պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար:
Իսկ նման վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության»,- ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:
Լուսանկարներն արված են բջջային հեռախոսի միջոցով, Աբովյանի զինվորական կոմիսարիատում, զորակոչիկի ծնողի կողմից:































