Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում, դեկտեմբերի 19-ին, կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվություններն անցկացրել է ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից՝ Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկումների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի առկա խնդիրներին, գործող պայմանագրի արդիականացման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Կողմերը մտքեր են փոխանակել վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հաստատված Զենքի առեւտրի պայմանագրի, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման խնդիրների եւ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:
Դիրքորոշումներ են ներկայացվել 2014թ. մարտին Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովի օրակարգային հարցերի շուրջ:
Բանակցությունների ընթացքում ընդգծվեց հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացման եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության կարեւորությունը:





























