Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել եւ զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա»:
Վարչապետը հիշատակել է մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների, որոնց ավանդույթներն այսօր հաջողությամբ շարունակում են ԱԱԾ աշխատակիցները: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Խորհրդային միության արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր եւ առաջին ղեկավար Յակով Դավթյանին, ով իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գեւորգ Վարդանյանին եւ նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Նրանց դերակատարությունն այդ օպերացիայում էական էր, որովհետեւ վերջիններիս հաջողվեց կանխել Հիտլերի կողմից երեք երկրների ղեկավարների նկատմամբ կազմակերպված մահափորձը: Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գեւորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաեւ Հայկ Հովակիմյանին՝ հետախուզության հմուտ աշխատող, ում աշխատանքի արդյունքը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը:
Նման հերոսները ոգեւորել են շատ երիտասարդների, ովքեր որոշել են իրենց նվիրել այս բարդ եւ հերոսական աշխատանքին: Ցանկանում եմ, որ այդ հերոսներն օրինակ ծառայեն այսօրվա շարքային աշխատակիցների համար, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ ավանդույթները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ դեռեւս բավարար չեն այն միջոցները, որոնք կառավարությունը հատկացնում է ԱԱԾ աշխատակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի կողմից կառավարության առջեւ դրված բոլոր խնդիրները կկատարվեն 2014 թվականին եւ կբարելավվեն անվտանգության մարմինների ներկայացուցիչների աշխատանքային պայմանները:
ՀՀ ԱԱԾ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի, երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար, ինչպես նաեւ ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ կառավարությանն առնընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
Ազգային անվտանգության ծառայության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների եւ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաեւ ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ մի խումբ ԱԱԾ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:





























