Ֆրանսիացի պատգամավոր, այդ երկրի ԱԺ-ի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ափսոսանքն է հայտնել Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի առթիվ՝ ի օգուտ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի: Այս մասին գրում է «Nouvelles d՝Arménie»-ն:
«Պետք է հստակ ասել, որ կարծիքի ազատ արձակման իրավունքի պաշտպանության անվան տակ ուժեղացվում է ակնհայտ փաստի ժխտումը եւ դա այն պահին, երբ թուրքական քաղաքացիական հասարակությունում առաջ է գալիս մի շարժում, որը ճանաչում է ցեղասպանության փաստը: Միայն ճշմարտության որոնումն է ազատում եւ ուժեղ դարձնում: ՄԻԵԴ-ը, ցավոք, մոռացել է այդ մասին»,-ասել է Ֆրանսուա Ռոշբլուանն իր հայտարարությունում:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ, հայտնի հակահայ գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։
Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Դողու Փերինչեքին։





























