Երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին եւ բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը: Նման բովանդակությամբ հայտարարությամբ ՀՀԿ-ականներին է դիմել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա նաեւ նշել է.

«Հիշեցնում  եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Դուք այդ «վաղի» հույսը խորտակում ե՛ք: Չմոռանա՛ք  նաեւ Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի եւ նրա ակունքներում կանգնածների տառապանքն ու գաղափարները, չէ՞որ ձեզանից շատերը ժամանակին  դրանց շնորհիվ են հայտնվել այնտեղ, որտեղ ե՛ք:

Վստահ եղե՛ք, նրանց հոգիներն անմահ են, այս պահին խռովված են, համոզված եմ, որ նրանք անիծելու են այս ստրակական պայմանագիրը կնքողներին: Դուք իրավունք չունե՛ք նրանց երազած եւ այդ երազանքի համար իրենց կյանքը չխնայած մարդկանց Հայրենիքի, ձեր ու բոլորիս երեխաների ու թոռների  ապագան վտանգելու՝ մեր գլխին փաթաթելով  ստրկական այս համաձայնագիրը:

Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանի քայլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ: Ուշքի՛ եկեք, խնդրո~մ եմ»: