Այսօր՝ դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է, որի առթիվ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունել է այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախեւառաջ միտված է երիտասարդությանը։ Նա նշել է, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժեւորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։ «Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել եւ ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը եւ մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով»,- նշել է Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, եւ դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաեւ հորդորեց երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։ Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետեւի հայ երիտասարդությունը։
Երգիչ Արսեն Համբարյանը կատարել է սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական է համարել Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արեւադարձի օրն է, որից հետո Արեւը վերածնվում է։ «Պատահական չէ նաեւ նրա մահվան ձեւը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երեւանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երեւանում չկնքի իր մահկանացուն եւ Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա»,- նշել է Արսեն Համբարյանը։
Միջոցառման ընթացքում հնչել են Գ. Նժդեհի կյանքի եւ գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտել են նաեւ վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։





























