Վրաստանի լեռան անհասանելի քերծի վրա փոքրիկ տնակ կա, որտեղ արդեն 20 տարի է միայնակ ապրում է 59-ամյա վանական Մաքսիմ Քավթառաձեն: Ամբողջ ազատ ժամանակը նա անցկացնում է աղոթքներով, իսկ սնունդ նրան ուղարկում են պարանով՝ ներքեւից:

Ժայռը կոչվում է Սթոլ Կածխի, որի վրա վանքը հայտնվել է 5-րդ դարում: Մինչեւ 15-րդ դար, երբ Վրաստանը գրավել են օսմանյան թուրքերը, այդտեղ վանական ճգնավորներ են ապրել, հաղորդում է Nevozmozhnogo.net-ը:

Դրանից հետո վանքը դատարկ է եղել մինչեւ այն պահը երբ վանական Մաքսիմը որոշել է վերականգնել այն:

Նվիրատվություններից ստացված միջոցներով վանքը կարգի է բերվել, իսկ 2010-ին Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Կածխիի վանական համալիրին է նվիրել Եղիա մարգարեի պատկերը:

Հատկանշական է, որ նախքան ճգնավորի կյանքը, Մաքսիմը ապրել է նորմալ կյանքով, խմել է, թմրամիջոցներ է օգտագործել, բանտում է հայտնվել: Նա այժմ շատ փակ կյանք է վարում եւ փորձում քավել մեղքերը: