Ուժի կիրառմամբ իշխանափոխության նախադեպեր նոր չէ, որ կան: Դրանք իրենց արմատներով հասնում են 90-ականների սկիզբ: Եւ ուղղակի 2000-ականների առաջին կեսին վերաբռնկվեցին «գունավոր հեղափոխություններ» անվան տակ: Այդ մասին ապրիլի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ղըրղզստանում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերը:

Ըստ Սաֆարյանի՝ դրանք չէին կարող տեղի ունենալ, եթե վերացված լինեին քրեական, քրեաօլիգարխիկ համակարգերը: «Ես համարում եմ, որ Ղըրղզստանում տեղի ունեցածի իրական ակունքները համակարգի ներսում են, քանի որ ամեն ինչ շիկացավ, երբ ընդդիմադիր առաջնորդները ձերբակալվեցին եւ ծաղրուծանակի ենթարկվեցին»,- պարզաբանել է պատգամավորը եւ հավելել. «Հետխորհրդային այն երկրներում, որոնք չեն հաղթահարել արատավոր համակարգերը, ապահովագրված չեն նման մարգինալ մասնակցային զարգացումներից, որոնք տեղի են ունենալու այս կամ այն իրադարձության սրացման ժամանակ»: Ըստ Սաֆարյանի՝ անգամ Հայաստանը ապահովագրված չէ նման զարգացումներից:

Տրամագծորեն այլ կարծիքի էր Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը նշել է, թե նման զարգացումները «մեր ազգային բնավորությունից հեռու գործոն են»: «Կարծում եմ՝ այնտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Չեմ կարծում, որ աշխարհում կատարվող որեւէ երեւույթ կարող է համընկնել մեր գործողությունների հետ»,- նշել է Սահակյանը: