ԱՄՆ-ում պտտահողմի եւ ձնաբքերի հետեւանքով, որոնք շարունակվում են մի շարք նահանգների տարածքներում, զոհվել է 3 մարդ: Ինչպես այսօր հայտնել են տեղական իշխանությունները, վնասվել են տասնյակ շինություններ:

Փրկարարական ծառայությունների տեղեկություններով՝ Միսիսիպի նահանգում, պտտահողմի զոհ երկու անձ է դարձել, էապես վնասվել է հինգ տուն: Բացի այդ, ուժգին քամու հետեւանքով 4 բեռնատար է շրջվել:

Մեկ մարդ էլ ավտոպատահարի հետեւանքով զոհվել է Միսուրի նահանգում, որի պատճառը, ինչպես հաղորդում են տրանսպորտային ծառայությունները, ձնաբուքն ու մերկասառույցն են եղել: Տեղի են ունեցել նաեւ տասնյակ ավտովթարներ՝ առանց մարդկային զոհերի:

Նյու-Յորք, Վերմոնթ եւ Մեն նահանգներում սառցակալման ու էլեկտրահաղորդակցման լարերի վնասման հետեւանքով ընդհանուր առմամբ 100 հազար տուն է հոսանքազրկվել: Իշխանություններն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: