Միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները «դանդաղ են ընթանում»: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը` այցով ԻԻՀ ժամանած Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Զարիֆը նշել է, որ ներկայումս Իրանը «վեցյակի» հետ բանակցությունները շարունակում է մասնագետների մակարդակով, բայց քանի որ քննարկումները վերաբերում են մեծ թվով մանրամասների, բանակցությունները շատ դանդաղ են ընթանում:
Նախարարը կողմերին կոչ է արել «լուրջ, ճշգրիտ եւ բարեկամաբար» իրականացնել Ժնեւում ձեռքբերված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլը, հայտնում է Xinhua-ն:
Իրանի եւ վեցյակի մասնագետները միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Ժնեւում վերսկսել էին դեկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի վեց մշտական անդամներ` Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) եւ Իրանը համաձայնութան էին եկել ԻԻՀ-ի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հանրությունը ճանաչել էր ատոմային էներգիան զարգացնելու ԻԻՀ-ի իրավունքը, իսկ Թեհրանն էլ իր հերթին հրաժարվել էր միջուկային զենք ստեղծելուց: Սակայն համաձայնագիրն ստորագրվել էր 6 ամիս ժամկետով:





























